Լավագույն վայրերը՝ Մարտունու տարածաշրջան Ձեր այցը հիշարժան դարձնելու համար
Մարտունու տարածաշրջանում յուրօրինակ տպավորություններ առաջարկող զբոսաշրջային վայրերը բազմազան են։ Տարածաշրջանի տարբեր համայնքներում առկա հուշարձանների ժամանակային բազմազանությունն ընդգրկում է մ.թ.ա. 15-րդ հազարամյակից մինչև մ.թ. 20-րդ դարը ընկած ժամանակահատվածը: Հնագիտական և պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է տալիս այստեղ կազմակերպել պատմա-մշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևեր:
Արմաղան լեռ










2829 մետր բարձրություն ունեցող Արմաղան լեռը գտնվում է Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս։ Գագաթային մասում ունի 400 մ տրամագծով և 50 մ խորությամբ հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում:
Կոթավանք
Ներքին Գետաշեն համայնք
Ներքին Գետաշենը գտնվում է Արգիճի գետի ափին։ Նախկինում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։ Հենց նա է կառուցել Կոթավանք եկեղեցին։

Գյուղը, ինչպես և բուն վանքը, շատ է տուժել թուրքական ցեղերի հարձակումներից։ Հայտնի է, որ XVI-XIX դարերում այս տարածքում հիմնականում քրդական ցեղեր են ապրել։ Սակայն արդեն 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվել են Ալաշկերտի հայերը։




Գաղթականները, տեսնելով, որ գյուղում գործող եկեղեցի չկա (Կոթավանքը վերականգնվել ու սկսել է գործել միայն մի քանի տարի առաջ), որոշել են փոքրիկ ժամատուն կառուցել։ Ժամատունը գործել է մինչև 1930-ականները։ Խորհրդային տարիներին, ինչպես մի շարք այլ վանքեր, այն որպես պահեստ են օգտագործել։ Վերջերս կիսաքանդ մատուռի վերականգնողական աշխատանքների ընթացքում մոտ երեք հարյուր հին խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել՝ արքայական տոհմի ներկայացուցիչների պատկերներով։ Խաչքարերն ասեղնագործ են, ունեն ավելի կատարյալ տեխնիկա և թվագրվում են XIV-XV դարերին։ Տապանաքարերի վրա թագով ու ձեռքերը կրծքին խաչած կանանց և տղամարդկանց պատկերների առկայությունը վկայում է, որ ժամանակին այստեղ թագավորական կամ իշխանական գերեզմանոց է եղել։
Վանեվանի վանք
Արծվանիստ համայնք
Վանեվանի վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։ 914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։ Վանքային համալիրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին:


Վանեվան վանքի հարակից տարածքը
Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1892 թվականին, իսկ կառուցման տարեթիվը հայտնի չէ։ Բնակչության շրջանում այն հայտնի է «Ժամ» անվամբ։
Երբ բնությունը նաև քանդակագործ է։ Գտնվում է Վանեվան վանքի հարակից տարածքում
Օձաբերդ ամրոց
Արծվանիստ և Ծովինար համայնքների միջև
Ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա: Մինչև Արփա-Սևան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.) ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը: Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1860-ական թվականներին՝ այն բանից հետո, երբ ամրոցի բլրի արևմտյան քարաժայռերից մեկին հայտնաբերվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից փորագրված արձանագրությունը: 20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ: 1934 թվականին Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից։ 1934 թվականի հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական և վաղ բրոնզեդարյան շերտեր: Օձաբերդի արևելյան և հարավարևելյան բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ: Վերգետնյա ուսումնասիրությունների արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է վաղ բրոնզի շրջափուլից մինչեւ զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:




1926 թ. Պատմաբան, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը արձանագրությունը կարդալու համար պարանով իջնում է լճի վրա։ Այժմ այս տարածքը լճից մոտ 800մ հեռավորության վրա է գտնվում:
Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում պատերազմի աստծուն նվիրված քաղաք կառուցելու մասին:
Արձանագրության տեքստն ամբողջությամբ
Ծակքարի բնական կամուրջ
Ծակքար համայնք
Կամուրջը գտնվում է Ծակքար համայնքի հարավ-արևմտյան մասում և տեղադրված է Բախտակ գետակի ավազանում: «Կամուրջը» ձևավորվել է տրավերտինային կոնգլոմերատների ջրային էրոզիայի արդյունքում և բաղկացած է երկու կամարներից: Մեծ կամարը, որի տակով հոսում է գետը, ունի մոտ 10 մ բացվածք և 5-6 մ լայնություն: Նրան անմիջականորեն հարում է փոքր կամարը՝ 5 մ բացվածքով և 2 մ բարձրությամբ: Վերջինիս տակ՝ գետի հին հունի մեջ նկատելի են հին ջրաղացի ավերակներ:
Ծակքար գետը սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավային մասի արևելյան լանջերից և Ծակքար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 12 կմ
Ծակքարի Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)
Բնական կամուրջը 1950-ական թթ․
Իշխանավանք
Վարդենիկ համայնք
Իշխանավանքը գտնվում է Վարդենիկ գետի ափին: Իշխանավանքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են 13-14-րդ դարերի և ավելի ուշ 18-19-րդ դարերի խեցեղեն, խաչքարեր: Իշխանավանքի վերակառուցման ժամանակ օգտագործվել են հնուց պահպանված խաչքարերից մասեր: Իսկ գետի ափին՝ Վարդենիկի ձորում, կա նաև փոքրիկ «քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Այս հուշարձանները Հայաստանի ամենահին պատմամշակութային վայրերից են համարվում, որոնց մասին քչերը գիտեն:
Եկեղեցի «Ծաղկավանք» ավերակներ
Բնության հուշարձան «Քարե_ամրոց»
Միջնադարյան գերեզմանոց
Աստղային քարտեզ
Թմբուկայրի սարահարթի արևելյան ծայրամաս
Աստղադիտարանը գտնվում է Մարտունուց 20 կմ հեռավորության վրա` Սպիտակագետի (Ագրիճա) Թմբուկայրի սարահարթի արևելյան ծայրամասում։ Տարածքում գտնվում են տիեզերական պատկերներով կենդանակերպի համաստեղություններ և երկնային այլ լուսատուներ խորհրդանշող ժայռապատկերների խմբեր:

Ըստ որոշ աղբյուրների այս աստղադիտարանն ունի 7000 տարվա պատմություն և ավելի հին է քան անգլիական Ստոունհենջը:


Շողագավանքի ավերակներ
Ձորագյուղ համայնք
Շողագավանքի ավերակները գտնվում են Մարտունուց 15 կմ հեռավորության վրա` Ձորագյուղ գյուղում։ Այն կառուցվել է Սմբատ առաջինի դստեր ամուսնու պատվին։ Վանքի տարացքում է գտնվում նաև Մարիամ իշխանուհու գերեզմանը:

Մթնաձոր ամրոցի հետքերը
Մթնաձոր ամրոցի հետքերը` քարե պատերը, պարիսպը, որի չափերից ենթադրվում է, որ այն բավական մեծ է եղել, պահպանվել են Մարտունի համայնքի Մթնաձոր տարածքում: Ամրոցին հարող տարածքում, Մարտունի գետի երկայնքով մոտ 1.5 կմ տարածության վրա կան բազմաթիվ խաչքարեր և մի փոքրիկ մատուռ: Այն համարվում է հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տվյալների՝ այս տարծքում կան մի քանի անգամ ավելի շատ խաչքարեր, քան` Նորատուսում: Իսկ մատուռի հենասյուների հիմքերից ենթադրվում է, որ այդտեղ տաճար է եղել:
Սարի Սուրբ-Աստղոնք
Աստղունք լեռան գագաթ
Սարի Սուրբը Հայաստանում գտնվող ամենաբարձր սրբատեղին է (3470 մ): Այն գտնվում է Մարտունուց 30 կմ հեռավորության վրա, Վարդենիսի լեռնաշղթայի Աստղոնք լեռան գագաթին։ Այն շրջապատված է զառիթափ անդունդներով։ Մատուռին շրջապատող հարթ տարածքը ընդամնեը 200-300 մետր քառակուսի է և ամբողջովին պատված է քարե կույտերով: Ըստ ավանդույթի՝ սրբատեղի բարձրացողը երազանք է պահում և քարերն իրար վրա շարելով պատրաստում նոր քարակույտ:
Մարտունուց 10 կմ հեռու` Ծովասար գյուղում է գտնվում տարածաշրջանի ամենահարուստ հավաքածու ունեցող երկրագիտական թանգարանը: Այստեղ է պահվում ամբողջ տարածաշրջանի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների պատկանող բազմաթիվ գյուղատնտեսական և կենցաղային իրեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել տարածաշրջանում բնակություն հաստատած մարդկանց ապրելակերպին ու բարքերին: Այստեղ պահպանվում են իրեր, որոնք պատկանում են դեռ Ք.ա. 3-4դարերին:
Հնագիտական արժեքների պահպանման կենտրոնը գտնվում է Վաղաշեն համայնքում
Մարտունու պատկերասրահում է գտնվում եզակի նմուշ համարվող, ծառի կոճղում պատսպարված խաչքարը: Դա Քարվաճառի տարածքից, որպես վառելափայտ կտրված ու բերված ծառի կտոր է, որի ջարդելուց ի հայտ է եկել խաչքարը: Մի անգամ պատկերասրահի այցելուներից եղել է մի էքստրասենս, որը նկատել է, որ այդ էքսպոնատը օժտված է որոշակի էներգետիկ դաշտով/հնարավոր է երկար տարիներ խաչքարը մնալով ծառի «կենդանի» օրգանիզմում ձեռք է բերել որոշակի էներգետիկ դաշտ/: Դրանից հետո պատկերասրահ այցելողները ձեռքը հպում են այդ կոճղին ու երազանք պահումը:
Սրանք Մարտունու տարածաշրջանի այն վայրերն են, որտեղ արժե այցելել, տեսնել և ուսումնասիրել:





Նյութում առկա որոշ փաստերի մասին հստակ աղբյուրներ չգտնելու պատճառով դրանք ներկայացված են համացանցային տարբեր աղբյուրներում առկա, հաճախ նաև իրար չհամապատասխանող, տեղեկատվության համեմատության հիման վրա։
Մարտունի Ինֆոտուն
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website